16:22 VeloClub - Սեզոնի բացում! (մեր հետագա պլանները) | |
Ողջույն սիրելի ակումբցիներ։ Ահա և եկավ այդքան երկար սպասված պահը, երբ մենք կարող ենք հայտարարել հեծանվային նոր սեզոնի բացման մասին։ Ամենավատ եղանակն արդեն ետևում է, իսկ առջևում մեզ սպասում է ավելի ու ավելի տաք եղանակ և հուսով ենք, համընթաց քամի։ Ձմեռային ամիսների ընթացքում մենք ամրապնդեցինք մեր համագործակցությունը Ֆեդերացիայի մեր ընկերների հետ՝ պատրաստելով բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք պետք է իրագործենք այս տարի։ Դրանց մասին կպատմենք աստիճանաբար, իրագործման ընթացքում, մեր բլոգի լուրերում։ Ձմեռվա ընթացքում ուշադրությամբ հետևում էինք, թե ինչպես են Հայաստանում նորանոր հեծանվային խանութներ բացվում, ի հայտ գալիս նոր հեծանվային աքսեսուարների խանութներ ու տասնյակ հեծանվորդներ, որոնք հեռավոր երկրներից հասել էին Երևան և ուժեղ ձյան պատճառով մնացել էին այստեղ։ Մենք ծանոթացանք ու գիշերակաց տրամադրեցինք Ֆերրանո Լագարդին և լավ ընդունելություն կազմակերպեցինք ֆրանսիացի Յան Կանոյին (նա հունվարի 4-ին հայտնվել էր ուժեղ ձնամրրիկի տակ ու ցրտահարվել էին նրա ոտքի մատների ծայրերը։ Ավելի ուշ, իմ տանը մեր զրույցի ընթացքում նա պատմեց, որ խիստ թերագնահատել է Հայաստանի եղանակը և լավ չի պատրաստվել այստեղի սառնամանիքներին)։ Ձմռան ընթացքում մեր բլոգում գրանցվեց ավելի քան հազար դիտում, որը մեզ խիստ զարմացրեց։ Դա կրկին անգամ ցույց է տալիս հեծանվային սպորտի ու հեծանվային տուրիզմի հանդեպ համընդհանուր հետաքրքրությունը՝ անկախ եղանակային պայմաններից։ Բայց խոսքերը բավական են, անցնեք սպասվելիք միջոցառմանը, այսինքն՝ Մեր առաջին հեծանվարշավը տեղի կունենա մարտի 6-ին։ Մենք կգնանք Էջմիածին։ Հեծանվարշավի մասին միջոցառման մանրամասներն արդեն տեղադրված են ֆորոումում։ Կանանց միջազգային օրը, մեր բոլորի կողմից սիրված մարտի 8-ի տոնին մենք պատրաստել ենք մեկ այլ բարի ու դրական միջոցառում։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մենք ամբողջ օրը շնորհավորելու և ծաղիկներ ենք բաժանելու գեղեցիկ սեռի անցորդներին։ Այդ պատճառով կոչ ենք անում բոլոր տղամարդկանց այդ օրը առավոտյան ժամը 10-ից իրենց հեծանիվներով միանալ մեզ։ Հավելյալ տեղեկություններն ավելի ուշ կհրապարակվեն Ֆեյսբուքում և մեր ֆորումում՝ միջոցառումների բաժնում։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |