12:00 VeloClub (Օգոստոսից - նոյեմբեր) - Սեզոնի փակում: :) | |
Ողջույն սիրելի ընկերներ. Նախևառաջ անհրաժեշտություն եմ համարում ասել, որ ամբողջ ժամանակ, ինչպես և նախկինում, մենք ակտիվորեն աշխատել ենք Ակումբի զարգացման ուղղությամբ, առանց հանգստանալու նորանոր մտքեր հղացել մեր երկրում հեծանվային մշակույթի զարգացման համար։ Կարծում եմ, որոշ առումներով հաջողություններ գրանցել ենք, և այժմ կպատմեմ Ձեզ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել վերջին երեք ամիսների ընթացքում :) Իհարկե, սկսեմ նրանից, որ ես ու Էմիլը վերադարձանք դեպի Ղրիմ կատարած մեր զվարճալի ճանապարհորդությունից :) Շատերդ արդեն ծանոթացել եք ճանապարհորդության մասին մեր հաշվետվությանը, այդ պաճառով, առանց մանրամասներին անդրադառնալու, կպատմեմ, թե ինչ պատահեց հետո։ Բազմաթիվ խնդրանքների ընդառաջ գնալով ավելացրեցինք քաղաքից դուրս երկօրյա արշավների քանակը։ Գաղափարը շատերին էր դուր եկել, այդ պատճառով հաջորդ սեզոնին մենք ավելի հաճախ կիրականանցնենք երկօրյա արշավներ վրաններով, քնապարկերով և այլն։ Մեր կայքի այցելությունները, չնայած հեծանվային ակտիվության նվազմանը, բավականին կայուն էր, և, նոյեմբերի սկզբին դիտումների քանակով հատեցինք 43000 սահմանը՝ վերջին մի քանի ամիսների կտրվածքով։
Մենք շարունակում ենք զարգացնել նաև մեր Բլոգի թեմաները, և այժմ ունենք մի քանի պատրաստի հոդվածներ, որոնք աստիճանաբար կհրապարակենք :) Այժմ ես ցանկանում եմ մի կողմ թողել մեր կայքի մասին տեղեկություններն ու ավելի կարևոր թեմայի մասին պատմել, ավելի կոնկրետ՝ մեր նոր, հրաշալի համագործակցության մասին, որը մենք ստեղծել ենք «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբասաշրջության Ֆեդերացիայի» հետ միասին։ Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ակումբը երբեք կոմերցիոն նպատակներ չի հետապնդել և այն ամենը, ինչ մենք արել ենք մինչ օրս, արել ենք մեր հաշվին, առանց որևէ ֆինանսական ակնկալիքների։ Սակայն, ինչպես ցանկացած գործում, երբ քո առջև դնում ես որոշակի հավակնոտ նպատակներ, ինչպես օրինակ Հայաստանում հեծանվային մշակույթի որակյալ զարգացումը, անհրաժեշտ են այնպիսի համախոհներ, ովքեր կկարողանան օգնել այդ բարդ ճանապարհին և փոքր-ինչ կթեթևացնեն քո բեռը։ Առանց որևէ մանրամասնություն թաքցնելու, այժմ կպատմեմ ամեն ինչ։ Սեպտեմբերի սկզբին մենք կապ հաստատեցինք Ֆեդերացիայի հետ (կապ միշտ էլ ունեինք, սակայն երկկողմանի զբաղվածության պատճառով, ցավոք, շփումը քիչ էր) և մշակեցինք ավելի խորը համագործակցության մեխանիզմները։ Հենց սկզբից պարզ էր, որ կան մի շարք մանրուքներ, որոնց հարցում մենք կարող ենք շատ արդյունավետ օգնել ու լրացնել միմյանց։ Եվ սեպտեմբերի վերջին մենք վերջապես ըմբռնեցինք միմյանց գործունեությունն ու բաժանեցինք պարտականությունները, այդպիսով, դառնալով Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման միասնական շարժիչ ուժ: Մեկ ամսից քիչ ժամանակահատվածում մեզ հաջողվեց անցկացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ "Be Active, Live Healthy", Հեծանվամարաթոն - Գյումրի (որտեղ մեզ միացան տեղի հեծանվորդները՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ) և, իհարկե, Հայաստանում առաջին հեծանվաֆորումը, որն ամբողջությամբ նվիրված էր հեծանվային մշակույթի զարգացման հարցերին։
Ստորև բերեմ այն հարցերի ցուցակը, որոնց վրա մեր թիմը մանրամասնորեն աշխատեց ու ներկայացրեց ֆորումում. ՖՈՐՈՒՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մշակել էինք ծրագիր, և ֆորումի ավարտին արդեն կապ էինք հաստատել կառավարական և ոչ կոմերցիոն կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված էին վերոնշյալ որոշ հարցերի ճանապարհային քարտեզի ստեղծմամբ։ Նաև ֆորումի ավարտին արդեն կազմել էինք շատ կարևոր հարցերի քննարկան համար նախատեսված կոնտակային խմբեր, հարցեր՝ որոնց լուծումը շատ լավ կանդրադառնա Հայաստանի յուրաքանչյուր հեծանվորդի վրա։ Ցավոք, մինչև նախագծերի ավարտը, ես չեմ կարող Ձեզ տեղյակ պահել մանրամասներին, սակայն կարող եմ վստահեցնել, որ արդյունքը Ձեզ դուր կգա։ Ես փորձեցի հնարավորինս հակիրճ շարադրել վերջին ամիսների մեր գործունեության պատմությունը, սակայն, ամեն դեպքում, ներեցեք, եթե երկար ստացվեց։ Մնում է սպասել մեր աշխատանքների հետագա արդյունքներին։ Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորիդ՝ աջակցության համար։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |